
«Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնեին Գորիսից գյուղեր դասեր վարելու համար». Երևան–Կապան օդային չվերթ. Վրթանեսյան

Այսօր մենք շատ ավելի խոցելի ենք (թե՛ աշխարհագրորեն, թե՛ ռազմական առումով, թե՛ բարոյահոգեբանորեն), քան անցյալ տարվա նոյեմբերի 10-ին, քան այս տարվա փետրվարի 24-ին, քան այս տարվա մայիսի 11-ին, քան այս տարվա հունիսի 20-ին, և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այսինքն անընդհատ բացասական միտում է։
Իսկ հիմա եկեք անկեղծ լինենք. սա հետևանք է հայկական ազգային էլիտայի դասալքության։
Ժողովրդին, ազգին մեղադրել պետք չէ. ազգային մոբիլիզացիան ազգային էլիտայի պարտականությունն է։
Այսքանը։ Կհասցնի ձևավորվել նոր էլիտա մինչև հայկական պետականության լիակատար կործանումը, թե ոչ, ես չգիտեմ»,-գրել է Կարեն Վրթանեսյանը։
-
Մեկ այլ գրառման մեջ էլ նշել է.
Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էության փակեցին ճանապարհները Սյունիքում, իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե բա Երևան–Կապան օդային չվերթ է էսա ուր-որ է բացվում։
Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնեին Գորիսից գյուղեր դասեր վարելու համար...
Ապա առանց աղմուկի թեման փակվեց. ընկերությունը, որն իբր պետք է այդ չվերթներն իրականացներ, հետ կանչեց դիմումը։
Այս ամենն առավել զավեշտալի է, երբ նայում ես ամսաթվերին...
• Նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնում են, թե 2022-ից կանոնավոր չվերթներ կիրագործվեն Երևանից Կապան։
• Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են։
• Նոյեմբերի 16-ին ավիանկերությունը հետ է կանչում չվերթներ իրականացնելու իր դիմումը։