ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճակատեն գյուղ տանող միակ ճանապարհին ադրբեջանցիները վագոն-տնակ են տեղադրել

Մ17 միջպետական ճանապարհի Կապան-Ճակատեն ավտոճանապարհահատվածում տեղադրվել է ադրբեջանական հենակետ: Թշնամու հենակետում ծառայություն են իրականացնում ավելի քան 15 զինված ադրբեջանցի զինծառայողներ: Ադրբեջանական հենակետը տեղադրվել է այսօր երեկոյան ժամերի: Այս մասին գրում է Yerevan.today լրատվամիջոցը, որը հրապարակել է նաև տեսանյութ: 

 

Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ գյուղում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, վագոն-տնակ են տեղադրել: 

 

Նա նշել է, որ այսօր կեսօրին ճանապարհով անցնելիս տեսել է, որ 6-7 ադրբեջանցիներ կան Ճակատենի ճանապարհին, բահերով, քլունգներով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։

 

«Մեկ ժամ անց գյուղում լույսի հետ կապված խնդիր կար, գնացի այդ հարցերը լուծելու, տեսա, որ այդ 6-7 հոգին դարձել են 20, կռունկով, 2 բեռնատար մեքենայով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Նրանց կողքին նաև ռուս խաղաղապահներ կային։ Ես տեսա, որ ինչ-բանի հիմքեր են փորում, թե ինչ, չեմ կարող ասել, բայց գյուղացիներից մեկը հեռվից տեսել է, որ այնտեղ վագոն-տնակ են տեղադրել, ժամը 5.30-ի դրությամբ այնտեղ ինժեներական աշխատանքներ էին կատարվում, հիմա չգիտեմ՝ ինչ վիճակ է»։

 

Համայնքի ղեկավարը նշել է, որ այստեղ մաքսակետ տեղադրելու դեպքում ոչ միայն Ճակատենը, այլև մի շարք գյուղեր հայտնվում են շրջափակման մեջ և կանգնում լուրջ խնդիրների առաջ։

 

«Դա միակ ճանապարհն է, որ կապում է Կապանի հետ, ինչպես պետք է սնունդ և այլ անհրաժեշտ մատակարարումներ ամեն, չգիտեմ։ Ասում են՝ այլընտրանքային ճանապարհ են կառուցում, բայց դա 2 ժամվա բան չէ, դա բավականին դժվար ճանապարհ է, այն կառուցելու համար առնվազն 2 ամիս է պետք։ Կամ էլ մնում է Մեղրին, Քաջարանը շրջանցելու տարբերակը, որի համար մոտ 2 ժամ կպահանջվի։ Գյուղացիները ինձ հարցեր են տալիս, որոնց պատասխանները ես չունեմ»։

 

Տեղեկության վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և Սյունիքի մարզպետարանը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:

Քաղաքականություն