Վնասվածքներ ստացած արցախցիները վիրահատվել են. Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության

Շուշիի մատույցներում տեղակայված ռուս խաղաղապահների հենակետերը խմելու ջրով ապահովելու համար քաղաքաշինության նախարարության պատվերով Շուշիի ենթակայանից դեպի Ստեփանակերտ 7 կմ երկարությամբ ջրագիծ է անցկացրել «ջրմուղ կոյուղի ընկերությունը»։ Ստեփանակերտ-Շուշի-Լիսագոր հատվածի գիշերային լուսավորության համար հենասյուների տեղադրման ընթացքում վթարի է ենթարկվել ջրագիծը։ Վթարի վերացման համար աշխատանքներ պետք է կատարվեր, որն ավարտվեց աշխատակիցներից մեկի մահով՝ երեք վիրավորումով։ 

«Ջրմուղ-Կոյուղու աշխատակիցները երկու խմբի էին բաժանվել ու մեկ ժամ աշխատելուց հետո հայտնվել թշնամու դիմահար կրակի տակ։ Տեղում մահացել է 22-ամյա Մարտիկ Երեմյանը, վիրավորվել Գևորգ Մելքումյանը։ Վիրավորներից երկուսն էլ՝ Գագիկ Ղազարյանն ու Արմեն Սարգսյանը նույն ճանապարհահատվածի գիշերային լուսավորման աշխատանքներն իրականացնող ընկերության աշխատակիցներն են՝ Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։ 

«Երկուսին անհրաժեշտ է եղել շտապ կարգով վիրահատական բուժում իրականացնել, որն արվել է։ Մեկի մոտ պարանոցի վնասում էր՝ զարկերակի վնասումով, մյուսի մոտ՝ կրծքավանդակի ոչ թափանցող հրազենային վիրավորում էր և ձախ նախաբազկի հրազենային վիրավորում, ոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Երկուսին էլ կատարվել է վիրահատություն, երրորդ վիրավորի վերքը վիրաբուժական մշակման է ենթարկվել, որը կրծքավանդակի վնասում էր՝ առանց թափանցման։ Այս պահի դրությամբ հիվանդների վիճակը միջին ծանրության է, բավարար կայուն վիճակում են»,- հայտնել է ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առուստամյանը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, նրանցից մեկը մահացել է՝ երեքը՝ վիրավորվել։

Քաղաքականություն