ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պանամայում «Կաղամարի խաղը» թեմայով երեկույթի ժամանակ 8 մարդ է սպանվել. կան տուժածներ
Պանամայում ութ մարդ է սպանվել «Squid Game» թեմայով Հելոուինի երեկույթի ժամանակ։ Այս մասին հայտնել է TN News-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի առավոտյան։
Ենթադրվում է, որ երկու տեղական ավազակախմբերի միջև կրակահերթ է սկսվել երեկույթի ընթացքում, ինչի հետևանքով հինգ մարդ գնդակահարվել է, ևս երեք դի հայտնաբերվել է մոտակա աղբանոցում: Յոթ մարդ վիրավորվել է։
Դատախազ Ռաֆայել Բալոյեսը հայտնել է, որ կրակոցները սկսվել են այն բանից հետո, երբ ներկաներից մեկը կրակել է Los Galacticos կոչվող հակառակորդ հանցախմբի ենթադրյալ անդամների վրա:
Այս պահին երկու մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ կրակոցների արդյունքում սպանվածներից մեկի եղբայրը։
«Ենթադրում ենք, որ նա հրազեն է օգտագործել եղբորը պաշտպանելու համար»,- ասել է դատախազը։
Իր հերթին, ոստիկանության տնօրեն Ջոն Դորնհեյմը նշել է, որ մասնակիցներից ոմանք անցյալում տեղի ունեցած բախումների արդյունքում ստացել են դատվածություն և հրազենային վնասվածքներ։