Արցախում ադրբեջանագիտության կենտրոն է բացվել

Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում են Genesis Armenia ուղեղային կենտրոնից։

 

«Genesis Armenia ուղեղային կենտրոնի ռազմավարական նշանակության նոր նախագիծն իրականություն դարձավ։ Կարո Կարապետյանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում»,–նշված է հաղորդագրության մեջ։


Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջանի պատմությունն են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։
 

Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում:

Պատահարներ