Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. բժիշկ Գևորգ Գրիգորյան

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից Առողջապահության նախարարությունը օրենսդրական նոր փոփոխություններ է գործարկում՝ աշխատողները պետք է կամ պատվաստվեն, կամ ամիսը երկու անգամ թեստավորվեն։ 

Պատվաստման վտանգների, հակացուցումների և վնասների մասին շատ է բարձրաձայնվում, բայց պակաս կարևոր չեն նաև թեստավորումները։ Այս ոլորտում նույնպես խնդիրներ կան, և թեստավորված մարդը երաշխավորված չէ վարակվելուց և այդ վարակը տարածելուց։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ հավանականությունը մեծ է, որ մարդիկ թեստ հանձնեն բացասական պատասխանը վերցնեն ու հաջորդ օրը վարակվեն։ 

«Թեստի բացասական պատասխանը 14 օր չի ապահովագրում, սակայն բացասական պատասխան վերցնելը շատ լուրջ բեռ է մեր բնակչության համար այսպիսի սոցիալական վիճակի պարագայում։ Դա արված է ուղղակի նրա համար, որպեսզի մեր քաղաքացիները, հասկանալով, տեսնելով, որ իրենց համար անթույլատրելի ծախսեր և շռայլություն է սպասվում թեստերի առումով, նրանք գնան և պատվաստում ստանան։ Դա ուղղակիորեն դրված է որպես երկընտրանք։ Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ չի հավատում այս օրենքի փոփոխության գործուն լինելուն։ 

«Սա չի աշխատելու, որովհետև մենք ունենք աշխատաշուկա, որտեղ որ գործատուի համար լավ կադրեր գտնելը շատ մեծ խնդիր է և ուղղակիորեն չպատվաստվելու համար, այն էլ առանց օրինական պահանջի աշխատանքից ազատելը...չեմ կարծում, որ գործատուները կգնան այդ քայլին։ Օրենքը պարտականություն չի դնում գործատուի վրա, որպեսզի նա աշխատանքից ազատի, ստեղծում են նախադրյալներ, որոնք օրինական հիմքեր են տալիս գործատուին, որպեսզի նա ըստ ցանկության աշխատանքից ազատի։ Ո՞ր գործատուն կուզի իր աշխատողին աշխատանքից ազատել»,- նշում է բժիշկը։ 

Անդրադառնալով առանց բացասական թեստի պատասխանի կամ պատվաստման վկայականի աշխատողին աշխատանքի չթողնելու պահանջին՝ Գրիգորյանը նշում է, որ դա գործատուի կողմից իր աշխատողին հարկադիր պարապուրդի մատնել է նշանակում։ 

«Նման պարագայում Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է, որ գործատուն պարտավոր է վճարել աշխատավարձ։ Այսինքն ստացվելու է, որ գործատուն չի թողնելու այդ մարդուն գա աշխատանքի, բայց նրան աշխատավարձ է տալիս, գործատուն կրելու է ահռելի մեծ վնասներ։ Դրանից հետո, բնականաբար, դժվար թե գործատուները համակերպվեն այդ իրավիճակի հետ, որովհետև մեզ մոտ մասնավոր սեկտորը շատ մեծ է և շատ բիզնեսմեններ են աշխատում։ Չեմ կարծում, որ նրանք այդպես հեշտ ու հանգիստ կհամակերպվեն այս ամենի հետ»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա նշում է, որ այս օրենքի փոփոխությունները այնքան անհեթեթ են, որ բացառում են, օրինակ, հղի կինը կամ պատվաստման հակացուցում ունեցող մարդը կարող է վարակակիր լինել, որովհետև նրանցից պարտադիր թեստավորում նույնպես չեն պահանջում։ 

«Շատ-շատ բացթողումներ կան, և այդ բացթողումները մեր բնակչության քթից են գալու։ Բնակչությունը պետք է հասկանա, թե ինչ է պատրաստվում անել։ Ես անհամբեր սպասում եմ հոկտեմբերի 1-ին, կթեստավորվեմ ամիսը 2 անգամ։ Մնացածը թող մտածեն, թե իրենք ինչ են անելու»,- ասաց Գրիգորյանը։ 

Արդեն դեպքեր են նկատվում, երբ թեստավորում իրականացնող ընկերությունները պայմանավորվում են հիմնարկությունների հետ՝ եթե գործատուն մեծ թվով աշխատողների կարող է թեստավորման ներկայացնել, ապա կլինիկան շուկայում գործող գներից ցածր արժեքով թեստավորում կիրականացնի։ Գրիգորյանը դրական գնահատեց նման դեպքերը՝ նշելով, որ այս շուկան պետք է ճկուն լինի։ 

«Թող մարդիկ հասկանան, որ մասնավոր սեկտորը՝ լաբորատորիաները, թեստավորողները, ավելի շատ են իրենց մասին հոգ տանում, քան պետական կառույցները։ Դա շատ լավ է, որովհետև այսօր պետական կառույցը սեփական ժողովրդի համար հոգ չի տանում»,- ասաց մասնագետը։ 

Մենք դիմեցինք նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պարզելու, թե ինչ վիճակ է շուկայում։ 

«Հայտնում ենք, որ ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավել տնտեսավարող սուբյեկտներ, չկան գերիշխող դիրք ունեցողներ: Թեստավորման գները տատանվում են 8 000-15 000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ, և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի: Եթե առկա է նման կարգավորման անհրաժեշտություն, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով»,- փոխանցեցին ՄՊՀ-ից։ 


 

Քաղաքականություն