
Խոսել լիակատար անկախության մասին այսօր դժվար է․ Օհանյան

Խոսել լիակատար անկախության մասին այսօր դժվար է, որովհետև ինքնիշխանությունը արտահայտվում է առաջին հերթին նրանով, որ դու ունես տարածք, բնակչություն, տնտեսություն և այդ տարածքի տերն ես, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռմխելիության տերն ես Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, շատ-շատ տեղեր սադրանքներ են կազմակերպում, լկտի են պահում իրենց, մեր տարածքից դուրս չեն գալիս՝ խոսել լիակատար ինքնիշխանության մասին՝ շատ դժվար է, ի վերջո պետք է հասկանանք հետևյալը՝ երբ է եղել հայ ազգի համար, որ մենք դյուրին իրավիճակում ենք ապրում, միշտ էլ պայքարի մեջ ենք եղել, միշտ էլ դժվարություններ են եղել և կարծում եմ, որ ցանկացած այսպիսի հարված պետք է փորձենք օգտագործել գոտեպնդվելու և այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Օհանյանը։
Դիտարկմանը՝ արդյոք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից, Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կարող ենք։ Չափից ավելի կազմակերպված պետք է լինեն։ Այս իշխանությունների հետ, որ օր օրի մեր երկիրը տանում են անկման, դա ակնհայտ երևում է, մենք հո չենք հորինում մեզնից»,- ասաց Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը ստացել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավեր։
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք գնալ այս միջոցառմանը, որովհետև այսպես գունագեղ միջոցառում կազմակերպելը, առավել որ մենք այդ սցենարին տեղյակ չենք, մենք հրաժարվել ենք մասնակցել»,- ասաց Օահանյանը։