Եթե այդ խաղաղությունը մեզ որպես ողորմություն պետք է նետեն, թող Փաշինյանը վերցնի ու հեռանա մեր երկրից․ Տոնոյան

«Ծնկած խաղաղություն ուզու՞մ եք։ Խնդրելով խաղաղություն ուզու՞մ եք։ Եթե այդ խաղաղությունը մեզ որպես ողորմություն պետք է նետեն, թող Փաշինյանը վերցնի ու հեռանա մեր երկրից»,- այսօր նախատեսված մոմավառության ու լուռ երթից առաջ հայտարարեց «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահին հանդիպելու առաջարկին։

«Եթե անգամ իր իշխանական լծակներով մեզ պարտադրելու է այդ խաղաղությունը, պարտիզանական պայքարը հո կա՞։ Կհասնենք այդ հաղթանակին»։

Կարին Տոնոյանը զարմանալի չհամարեց այն փաստը, որ այդ իրադարձությունը համընկավ տոնակատարության տրամադրության հետ։

«Սա այս խավի ձեռագիրն է․ Զբաղեցնել մարդկանց ինչ- որ բանով, զուգահեռ ճակատագրական պայմանագիր կնքել, թուղթ ստորագրել։ Առավել քան համզված եմ՝ շատ ավելի վատ բաներ են կատարվում վարագույրների հետևում ու մենք դրա մասին կիմանանք, բայց պատրաստ պետք է լինենք ամեն ինչի»։
Կարին Տոնոյանը նշեց՝ իզուր չէ, որ Փաշինյանը հանդիպումը ու առաջարկը արել է Բաթումիում, հիշեցրեց Բաթումիի պայմանագիրը ու վստահեցրեց, որ պատմությունը կրկնվում է, սակայն հիմա տեղեկատվական դարաշրջան է, մարդիկ ինֆորմացված են ու չպետք է թույլ տան նույն սխալը կրկնել։

«Կռիվ պիտի տանք և մեր զավակների կռվի նման պիտի անխնա լինի։ Ոչ մեկիս արյունը մեր զավակների արյունից կարմիր չէ։ ԿԿռվեմ, ու գոնե խիղճս հանգիստ կլինի, որ գառան նման չենթարկվեցի նրան, ինչ ինձ պարտադրում են։ Ի վերջո ազգային արժանապատվություն պետք է ունենանք։ Երբեք թշնամու առաջ չենք ծնկի։ Գնացեք Եռաբլուր, այնտեղ քամին անգամ պատգամ ունի և այդ շշուկը մի օր գոռոց է դառնալու»։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մոմավառությունն ու երթը դեպի Եռաբլուր պանթեոն մեկնարկում է։

Երթը նվիրված է լինելու Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանին։ Պետական մակարդակով հոբելյանը կնշվի Ազատության հրապարակում, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղի կունենա խոստացված գունագեղ համերգը։

Քաղաքականություն