Հասարակություն

Դրական քայլերը Հայաստանի իշխանությունների կողմից արված են․ ՔՊ պատգամավորը՝ Էրդողանի հայտարարության մասին

Դրական քայլերը Հայաստանի իշխանությունների կողմից արված են․ ՔՊ պատգամավորը՝ Էրդողանի հայտարարության մասին

Հայաստանի իշխանություններն արդեն արել են «դրական քայլերը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ կառավարության հնգամյա ծրագրում ընդգրկելով խաղաղության օրակարգը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողներին այս մասին ասաց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը:

«Ես Հայաստանի վարչապետի և Վրաստանի վարչապետի անձնական խոսակցությանը ներկա չեմ եղել, սակայն ուզում եմ ձեզ հիշեցնել հետևյալ փաստաթուղթը, որը կոչվում է «ՀՀ կառավարության գործունեության ծրագիր» և որը քննարկվեց և հաստատվեց ՀՀ ազգային ժողովի կողմից: Այդ փաստաթղթում՝ «Արտաքին քաղաքականություն» հատվածում, հստակ նշված է, որ Հայաստանը իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը: Խաղաղության հարցի քննարկման մեր օպոնենտները մեր հարևաններն են, որոնց հետ մենք կամ չունենք ընդհանրապես հարաբերություններ, կամ էլ ունենք լարված, ոչ դրացիական կամ թշնամական հարաբերություններ: Քաղաքական օրակարգի սպասարկման և ՀՀ անվտանգության միջավայրն ավելի կայուն և հասկանալի դարձնելու համար խնդիրը պետք է քննարկել, բնականաբար, այն սուբյեկտների հետ, որոնցից այդ վտանգը կա»,- նշեց Գուրգեն Արսենյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե քննարկում սկսվի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ապա բնական է, որ այդ քննարկումը տեղի է ունենալու Թուրքիայի իրավասու պաշտոնյաների, տվյալ պարագայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ՝ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ Հայաստանն իր շահերի սպասարկման տեսանկյունից պետք է «հնարավոր գործողություններ իրականացնի» նշված ուղղությամբ «այն ծավալով, որը չի վնասի մեր երկրին և հնարավորություն չի ընձեռում ի սկզբանե ունենալ բացասական բանակցային դիրքեր»:

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե բանակցություններին նախապատրաստվելուն զուգահեռ Հայաստանը պետք է դրական քայլեր անի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը պատասխանեց, որ դրական քայլերն ՀՀ իշխանությունների կողմից արված են:

«Մենք մեր կառավարության գործունեության ծրագրի մեջ ընդգրկել ենք խաղաղության օրակարգը: Դա մի կարևորագույն հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, հնչեցում ի լուր աշխարհի, որ մենք դնում ենք խաղաղության օրակարգում: Խաղաղության օրակարգի փաստաթղթային մասից բխում են նաև գործընթացներ, քայլեր, որոնք կքննարկեն և կանեն իրավասու մարմինները՝ ելնելով ՀՀ անվտանգության շահերից»,- հավելեց ԱԺ պատգամավորը:

 

Հայաստանը և Թուրքիան օգոստոսի երկրորդ կեսից դրական ազդակներ են փոխանակում երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշված է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից, և այսօր էլ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Մասնավորապես, լրագրողի հարցին՝ «ի՞նչ կարծիքի եք՝ Փաշինյանը, արդյոք, կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը պատասխանել է, թե «այդ միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է»: Էրդողանը «տարակուսելի» է համարում այն, որ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ հայկական կողմը չի քննարկում «միջանցքի» հարցը, մյուս կողմից՝ իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնում:

Թուրքիայի նախագահը նշել է, թե իրենք բաց են բանակցությունների համար, բայց նաև ակնարկել է, թե այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ հայկական կողմը «դրական քայլեր պետք է անի»:

«Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ՝ այստեղ կան արդեն հայտնի քայլեր, որոնք պետք է կատարվեն: Իրականում ինձ հասել է ինձ հետ հանդիպելու ցանկությունը, որը նա փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Բայց, ինչպես ասացի, այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ, նրանք պետք է դրական քայլերը կատարեն»,- հայտարարել է Էրդողանը:

 

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, թեև Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250