
Պատերազմի առաջին տարելիցից ընդամենը 6 օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք նողկալի արարք․ զոհված զինծառայողների հարազատներ

Գործող վարչապետը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է. «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»: Զոհված զինծառայողների հարազատները հայտարարություն են տարածել․
«Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծություն, նողկալի արարք: Մեր տղերքի զոհվելուց դեռ մեկ տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին և ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը և հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ և մեր տղաների հիշատակին: Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից, և անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով:
Հերոս, նահատակ տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ»։