
Յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին կտրվի մշակութային միջոցառման տոմս, որից նա իրավունք ունի օգտվել մինչև տարվա վերջ. Հայկական ժամանակ

Պատվաստվող հանրությանը միջոցառումների եւ մշակութային հաստատություններ այցելելու տոմսեր տրամադրելու կարգն արդեն պատրաստ է:
ՀՀ առողջապահության նախարարության ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը մոտեցել է մեկնարկային փուլին: Պատվաստվող անձանց տրվելու են թատրոնների, Մատենադարանի, Ազգային պատկերասրահի ու թանգարանների տոմսեր:
Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին տրվելու է տոմս, որով անձը հնարավորություն կունենա մինչեւ տարվա վերջ իր նախընտրած օրը եւ ժամին գնալ վերը նշված մշակութային կենտրոններ:
«Հույս ունենք, որ մեր նվիրած, կամ, այսպես ասած, խաղարկված տոմսերով քաղաքացիները կկարողանան հագեցած օր ունենալ»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը դեռեւս հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվող քաղաքացիները վիճակահանությամբ կստանան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: