Մանրամասներ են հայտնի դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների Արցախ` սկանդալային այցից

Արցախ մեկնած Հայաստանի խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վրա հարձակում է տեղի ունեցել Ստեփանակերտում, տեղեկացնում է Hraparak.am-ը։

Խմբակցությունից Արցախ էին մեկնել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը։ Զոհված զինծառայողների ծնողները քարերով մտել են «Արմենիա» հյուրանոց և հարձակվել ՔՊ-ականների վրա՝ հայտարարելով, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր։

«Իրավունք չունեն ոտք դնելու Արցախ», - ասել են նրանք։

Թերթի փոխանցմամբ՝ ծնողները տեղեկացել են, որ պատգամավորներն այցելելու են Եղբայրական գերեզման և դա վրդովվեցրել է նրանց։ Հյուրանոցում միջադեպի բորբոքումը կանխել է ոստիկանությունը։

Սակայն, ըստ թերթի, հյուրանոցի միջադեպի պատճառով ՔՊ-ականները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներից առանձին են գնացել գերեզմանոց, այն էլ՝ թիկնապահների ուղեկցությամբ։

Արցախի ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Hraparak.am-ին պատմել է, որ ի սկզբանե հայաստանցի պատգամավորները պետք է արցախցի պատգամավորների հետ գերեզմանոց գնային առավոտյան ժամը 11-ին, սակայն միջադեպից հետո ժամը փոխվել, դարձել է 10:

«Ես տեղյակ էլ չեմ՝ ՔՊ-ականներն առհասարակ այցելե՞լ են գերեզմաններ, թե ոչ և տեղյակ չեմ, թե ինչու են նրանց պլանները փոխվել», - նշել է Գալստյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներից Արցախում են այժմ Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Վանեցյանը։ Պատվիրակությունը Ստեփանակերտում է Արցախի անկախության 30-ամյակի առթիվ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում, իսկ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երկրից դուրս գտնվելու պատճառով չեն կարողանալու մասնակցել միջոցառումներին։

 

Այդ հանգամանքները, սակայն, որոշ փորձագետներ պատրվակներ են համարում։