«Խնդիրը» աչքն էր․ աչքն էլ հանեցին, ունքն էլ հետը. որմնանկարների վրա սպիտակ ներկ են քսում

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում Սուրբ Միքայել հրեշտակապետի ուղղափառ եկեղեցի-ժամատան ներքին որմնանկարների վրա սպիտակ ներկ են քսում: 
Իսկ դուք Հաղարծինի չոր ծառը կոտրողին եք հայհոյում»:

 

 

Ալեքսանդր Մարտիրոսյանը նույնպես գրում է ՝

 

«Խնդիրը» աչքն էր․ աչքն էլ հանեցին, ունքն էլ հետը։

Սա Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցին է Գյումրիում, որի որմնանկարները մաքրում են սպիտակ ներկով, որովհետև շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ գործ ունի մասոնական աչքը եկեղեցում։

Վերջերս տեղի ունեցած բազմաթիվ վեճերի հետևանքով որոշում է կայացվել՝ մաքրել ոչ միայն գմբեթի, այլև ամբողջ եկեղեցու որմնանկարները՝ ի հանգստություն ըմբոստ ընդդիմադիրների, որոնք տարված դավադրապաշտական տեսություններով՝ պահանջում էին այն հեռացնել։

Այժմ բոլոր որմնանկարները մաքրվել են, բայց աչքը դեռ կա։ Ես չեմ քննարկում աչքի մասոնական լինելը կամ Աստծոն պատկանելը (շատերը պնդում են, որ դա Աստծո ամենատես աչքն է), բայց այն մշակութային արժեքը ու ռեսուրսները, որոնք քամուն են տրվել, ուղղակի աններելի են։

Եկեղեցու սպասավորի հետ խոսելիս զգացվեց նրա ափսոսանքն ու անօգնական վիճակը։ Չէր կարող բացատրել, թե ինչու և ինչպես։ Հուսալքված էր, բայց ասաց՝ ոչինչ, մի օր կվերականգնենք։

Նաև ինձ հետ կիսվեց որմնանկարների լուսանկարներով, որոնք հասցրել էր անել մինչև դրանց մաքրման աշախատանքների մեկնարկը։