
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում անջատված է եղել հայկական կապի օպերատորները, կապի միջոց չի եղել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Պատերազմից հետո դեկտեմբեր ամսին Արսեն Ղազարյանը՝ իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է ԱՀ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածը, որտեղ տեղակայվել են՝ ըստ վերադաս հրամանատարության կողմից տրված հրամանի։ Դիրքերը, որտեղ նրանք տեղակայվել են, չի եղել Արսեն Ղազարյանի հրամանով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ տեղաբաշխումից հետո ենթակա ստորաբաժանումների հետ կապը կորել է՝ աշխարհագրական դիրքով և հեռավորությամբ պայմանավորված։
«Արսեն Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ գտնվել է Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի հատվածում, շուրջ 60 անձ գտվել են ավելի բարձր դիրքերում և կապի միջոցներ առկա չեն եղել։ Արսեն Ղազարյանին տրվել է մի քանի ռադիոկապի միջոցներ, որոնք այդտեղ իրենց հաճախականությամբ չեն գործել, իսկ իրենց մոտ առկա կապի միջոցները եղել են կարճ ալիք և դրանցով հնարավորություն չի եղել կապն ապահովելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Բացի այդ՝ ադրբեջանցիների կողմից գյուղերի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, երբ տվյալ տարածքում հայկական կապի օպերատորներն անջատվել են և, եթե մինչ այդ գոնե բջջային հեռախոսներով հնարավորություն է եղել կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, ապա դեպքի օրը՝ հարձակման և գյուղերի հանձնման օրը բջջային կապ առկա չի եղել։
«Արսեն Ղազարյանն ունի այն լիազորությունները, որ կարողանա հանձնարարել անջատել կապի օրերին։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը և այստեղ է, որ պետք է վարույթն իրականացնող մարմինը կատարի որոշակի գործողություններ՝ պարզելու, թե ինչպես պատահականորեն կապն անջատվեց ադրբեջանական զորքերի հարձակման օրը և հնարավորություն չեղավ պատշաճ պաշտպանություն իրականացնելու»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ղազարյանը և իր ենթակա անձնակազմը զինված է եղել միայն ինքնաձիգներով և դեկտեմբերի 13-ին մի քանի տասնյակ՝ շուրջ 40 անձանց վրա հարձակում է գործել էլիտար «Յաշմա» զորախումբը։