Պահանջում ենք, որ Կենդանաբանական այգին չվերածվի խոտածածկի. աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում

Մեր պահանջն այն է, որ Կենդանաբանական այգին չվերածվի խոտածածկի, ուզում ենք կենդանիներ տեսնել այստեղ, ոչ թե սրճարաններ, կարուսելներ։ Այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց այգու աշխատակիցներից մեկը։

 

«Մարդիկ ուզում էին լավ բաներ անել, կենդանիներ բերեին, հիմա դա չի ստացվում։ Ուզում ենք հանգիստ աշխատել։ Մենք կսպասենք մի շաբաթ քաղաքապետարանի պարզաբանմանը։ Ամեն դեպքում չեմ հավատում, որ իրենք գալիս են լավ բան անելու համար, եթե լավ բան էին անելու, ապա ինչո՞ւ 8 տարվա կառավարման ժամանակ չարեցին»,- ասաց աշխատակիցներից մեկը։

 

 

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արեւիկ Մկրտչյանը նախկինում աշխատել է Կենդանաբանական այգում, այնուհետեւ հեռացվել աշխատանքից. «Դատարանի վճռով իրեն աշխատանքից ազատելու որոշումը արդարացի է եղել։ Նա կենդանիների հետ հաստատ կապ չունի։ Նա ներկայացրել է այգու միջազգային կապերը։ Իր աշխատած տարիներին միջազգային կապերը ոչ մի օգուտ չեն բերել այգուն, բացի վնասից, որովհետեւ այդ միջազգային կապերի հիման վրա եղել է բազմիցս ոչ համարժեք կենդանիների փոխանակումներ։ Կա հարուցված քրեական գործ, որը 3 տարի է՝ քննվում է եւ ոչ մի շարժ չկա։ Քանի որ ստեղծվել է հանրային խորհուրդ, այն պետք է ի պաշտոնե ունենա մասնակցություն նշանակման համար։ Պահանջում ենք հանրային խորհրդի հետ մենք մի քանի հոգով խումբ կազմենք, ունենանք հանդիպում, որ պարզաբանեն՝ ինչից ելնելով է այդ կինը նշանակվել պաշտոնին։ Ըստ լուրերի՝ նա ունի հովանավորություն ներկա կառավարությունից, այսօր անուններ չեմ տա»։

 

Նշենք, որ այգու աշխատակիցները դեմ են Կենդանաբանական այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի՝ Արեւիկ Մկրտչյանի նշանակմանը։