
Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից․ փորձագետ

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանից տարածքային զիջումների և Արցախի կարգավիճակի հարցում զիջումների հասնել՝ մեծացնելով ճնշումը պետական սահմանի վրա ռազմական սադրանքներով։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
«Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է լրջորեն քննարկի հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի իշխանության առաջարկը։ Եթե այս անգամ էլ այդ կազմակերպությունը չկատարի իր հիմնական գործառույթները, որոնց համար ստեղծվել է, ապա դրա ապագան լուրջ հարցականի տակ է լինելու», - կարծում է փորձագետը։
Միևնույն ժամանակ, նա կարևորեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեի առաջարկը՝ դադարեցնել ԱՄՆ–ի ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Փորձագետի կարծիքով՝ դա ազդանշան է այն մասին, որ հնարավոր է` ԱՄՆ-ն վերանայի իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այն աստիճանաբար ավելի ագրեսիվ ու ավտորիտար է դառնում:
Սակայն Սաֆրաստյանն ավելի կարևոր է համարում այդ հարցում Սենատի և նախագահի աշխատակազմի որոշումը։
«Մի շարք պատճառներով Կոնգրեսն օբյեկտիվորեն է գնահատում իրավիճակն ու Ադրբեջանի վարքագիծը, սակայն, ցավոք, Սպիտակ տունն ազնվորեն չի արձագանքում այնտեղից եկող ազդակներին», - նշեց ակադեմիկոսը՝ հիշեցնելով Ադրբեջանի նավթային ռեսուրսների մասին, որոնք կարևոր են Արևմուտքի համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։