Վրացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս, որովհետև չկա գովազդ, չգիտեն, թե ուր կարող են գնալ. Գեդևանիշվիլի

Վրաստանի բնակիչները լավ ծանոթ չեն Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, բայց այն հիանալի երկիր է` բազմաթիվ հրաշալի հանգստավայրերով  և հոյակապ խոհարարական տուրերով։ Այս մասին Sputnik Արմենիայի կազմակերպած Երևան–Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին։ 

Մարդկանց ցածր իրազեկվածման պատճառով էլ հաճախ վրացիները հարևան հանրապետությունը չեն դիտարկում որպես հանգստավայր։ 
«Վրացիները չեն գալիս ոչ թե այն պատճառով, որ իրենց անհետաքրքիր է, այլ նրանք պարզապես չգիտեն, թե Հայաստանում ուր կարելի է գնալ և ինչ անել։ Չկա գովազդ, ձեր զբոսաշրջային օպերատորների կողմից ակտիվություն չկա։ Իսկ երբ չկա առաջարկ, չկա նաև պահանջարկ», – նշեց Գեդևանիշվիլին։ 

Ինքը` վարչության պետը, բազմից է Հայաստան այցելել, բոլորից շատ նրան հիացրել են հայաստանյան խոհարարական տուրերը։ «Խորովածը տեղով հեքիաթ է», – ասաց նա։ 

Վրացի գործընկերոջ կարծիքի հետ համամիտ է նաև Հայաստանում զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Արմենիա Թրավել» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Մարինա Կրպեյանը: 

Տեսակամուրջի ընթացքում նա նշեց, որ Հայաստանը որպես հանգստի վայր վատ է ներկայացված Վրաստանում։  Նա խոստացավ այդ հարցը քննարկել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ 

Կրպեյանի խոսքով` Հայաստանն իսկապես մեծ ներուժ ունի զբոսաշրջիկների ներգրավման առումով։ Միայն օգոստոսին հյուրերին և երկրի բնակիչներին երեք խոշոր միջոցառում է սպասվում, այդ թվում խորովածի փառատոնը, որն արդեն իսկ լայն ճանաչում է ստացել։ 

«Զբոսաշրջության ոլորտում որոշակի առաջխաղացում կա, սակայն մենք չենք կարող վստահորեն ասել, որ կհասնենք կանխատեսելի ցուցանիշների, այսինքն` 2019 թվականի զբոսաշրջային հոսքի ընդհանուր թվից մինչև 30% աճի», – ասաց Կրպեյանը։

Քաղաքականություն