Առավոտից Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը բնականոն ռեժիմով

Չնայած՝ Գեղարքունիքի մարզպետը պնդում է, որ Սոթքի հանքը այս պահին չի աշխատում, «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչը հակառակն է հայտնում. 

«Առավոտվանից հանքավայրը վերսկսել է աշխատանքը բնականոն ռեժիմով»,- «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը։

Նախօրեին՝ գիշերը կրակոցներ են եղել հանքում, քանի որ նոյեմբերի 9-ից հետո հանքի միջով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը։

«Իսկույն որոշում էինք կայացրել հրատապ բոլոր աշխատակիցներին, որոնք գիշերը հերթապահում էին, տարհանել, նույնիսկ տեխնիկան ենք հետ քաշել։ Երեկ ամբողջ օրը դադարեցված էր հանքի աշխատանքը։ Ճաշից հետո մի քիչ հանդարտվել է իրավիճակը, գիշերն էլ բավականին հանգիստ է եղել, ուստի առավոտյան հանքը նորից վերսկսել է աշխատանքները»։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձել էր Սոթք և Կութ բնակավայրերի իրավիճակին։

Նրա փոխանցմամբ՝ լրագրողների համար Կութ գյուղի հատվածը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նույն անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները և տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Սանոսյանը լրագրողներին տեղեկացրել էր, թե հանքը այս պահին չի աշխատում։

«Գենշտաբի կորպուսի հետ համագործակցված, երբ անվտանգության խնդիր չի լինի, հանքը կսկսի աշխատանքը»,- ասաց Սանոսյանը:

Քաղաքականություն