Դատարանը գնացել է Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննարկվում է Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 10 մլն ՀՀ դրամի չափով։

 

Դատախազությունը պահանջում է անփոփոխ թողնել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանմանբ միջոց կալանավորումը։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Մարգարյանն առարկեց Չարչյանի խափանման միջոցի փոփոխմանը՝ պնդելով, որ դեռևս առկա են կալանավորման հիմք հանդիսացող խոչընդոտման ռիսկերը։ Ըստ նրա՝ քրեական գործով վկայի կարգավիճակ ունի 280 անձ, որոնցից որպես վկա է դատակոչվել 49-ը։ Մեղադրող դատախազը նկատեց՝որևէ կերպ կասկածի տակ չեն դնում Արմեն Չարչյանի անձը բնութագրող հատկանիշները, բայց գտնում են, որ դա չի նվազեցնում ազդեցությունը։ Այլ խոսքով՝ դատախազը գտնում է, որ պրոֆեսորն ունի հեղինակություն և կարող է ազդեցություն ունենալ գործի հետագա քննության վրա, ուստի, ըստ դատախազի, միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, արձագանքելով դատախազի առարկություններին, նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված նվազել է նաև խոչընդոտման ռիսկը։ Փաստաբանը նկատեց՝ եթե խոսքը գնար առհասարակ ռիսկերի բացակայության մասին, միջնորդություն կներկայացվեր առհասարակ խափանման միջոցը վերացնելու մասին։

 

Արմեն Չարչյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր ամիս կատարել է առնվազն 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսները չեն կարողանում կատարել, ամսական հսկում է մոտ 200-250 վիրահատություն, կատարում մոտ 550 խորհրդատվություն, մինչդեռ, ինքը, գտնվելով մեկ ամիս անազատության մեջ, անգործության մատնվելով դա չի արել, մեկ ամիս ՀՀ քաղաքացին զրկված է եղել բարդագույն վիրահատությունների կատարումից։

 

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

 

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։