Ո՞ր սխրանքի համար է Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել «Արիության համար» մեդալով.Պարզաբանում է ԱՀ նախագահի խոսնակը

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանն իր էջում տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Քյարամյանի պարգևատրման մասին հաղորդագրություն չի տարածվել, ինչը սովորաբար արվում է։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը. «Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Արիության համար« մեդալով՝ առանձին հաղորդագրություն չի տարածվել»։ Մեր հարցին, թե ո՞ր սխրանքի համար է վերջինս պարգևատրվել նման բարձր պարգևով, Ավանեսյանն ասաց. «Կոնկրետություն նշել չեմ կարող, բայց տվյալ մեդալով պարգևատրելու հանգամանքները սահմանված են օրենքով»։ Եվ այսպես, Արցախի Հանրապետության պետական «Արիության համար» մեդալով կարող են պարգևատրվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների և հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում։

«Արիության համար» մեդալով պարգևատրվում են նաև Պաշտպանության բանակի շարքերում չգտնվող այն անձինք, որոնք Արցախի թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, ինչպես նաև սեփական կյանքը վտանգի ենթարկելով ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը նպաստած անձինք։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի 12-րդ օրը Արգիշտի Քյարամյանը ազատվեց ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնից, իսկ այնուհետև գնդապետ Քյարամյանը եղել է Շուշիում։

Քաղաքականություն