Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին, ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունում որոշել են, որ ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն իրենց նշանակման երկրներ։ Տեղեկությունը գրում է «Հրապարակն» իր այսօրվա համարում։ 

«Սթրվեք տեղներդ»,–թերթի տվյալներով`  հրահանգել են նրանց։ 

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու։ 
«Այժմ կառավարության գրաքննիչները նստած մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի դեմ մի «քոմենթ» կամ «լայք», նրանք կզրկվեն ոչ միայն արտասահմանում աշխատելու իրավունքից՝ ապրուստի միջոցից, այլև առաջխաղացման հեռանկարից։ Ինքնուրույն մտածող, պրոֆեսիոնալ դիվանագետներին փչացնելու գործընթացը շարունակվում է»,–գրում է թերթը։ 

Նրանց տվյալներով` ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, ասում են՝ համբերենք, տեսնենք՝ ով է նախարար գալիս։ 

«Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին՝ բոլորը պատժվելու են, այդ թվում՝ Վահագն Մելիքյանը, որի դեմ վաղուց է տրամադրված»,-գրում է թերթը։