Պապիկյանին սպասարկող մեքենայի հարվածից տուժած երեխայի հայրը պատասխանել է Հրապարակի հարցերին

Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենայի հարվածից լուրջ վնասվածքներ ստացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի անչափահասի առողջական վիճակը լավ է, ապաքինման փուլում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց երեխայի հայրը` Վահեն։

 

Նրա խոսքով` դեպքից հետո իրավապահններն այցելել են իրենց, բացատրություն վերցրել։ Հայրը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե իրավապահններին հատկապես ինչ է հետաքրքրել։

Հարցին, թե Սուրեն Պապիկյանը, որեւէ պաշտոնյա կամ գոնե վարորդը, այցելե՞լ են իրենց, տեսակցե՞լ են երեխային, ասաց. «Սուրեն Պապիկյանը մեջը չի եղել, մնացած հարցերին հիմա չեմ պատասխանի»։

 

Ելնելով նրանից, որ հայրը չէր պատասխանում հարցերին, հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ նրան վախեցրել են կամ ասել, որ խուսափողական պատասխան տա, նշեց. «Չէ, չեն կարա ինձ վախեցնեն, ամեն ինչ նորմալ է»։

 

Նա նաեւ ավելացրեց, որ ոչ մի բողոք, պահանջ ոչ մեկից չունի. «Իմ էրեխեն հիմա լավ ա, ինչ բողոք, ինչ բան»։

 

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել էր դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա երեխան լուրջ վնասվածքներ էր ստացել։

 

Մամուլում շրջառանվող տեղեկությունների համաձայն՝ Սուրեն Պապիկյանը գտնվել էր մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել էին մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթարը կոծկելու համար։ 

 

Քաղաքականություն