Մենք շուտ վերադարձնում ենք մեր գերիներին, իրենք էլ ժամանակ են շահում՝ շուտ ականազերծում են այդ տարածքները․ քաղաքագետ

Շաբաթ օրը Բաքվից Հայաստան վերադարձավ գերիների 15 հոգանոց խումբը։ Գերիների ժամանմանը զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը գերիների դիմաց տրամադրել է Կովսականի և Վարանդայի ականապատման քարտեզները։

 

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պայման է դրել գերիների դիմաց ականապատված տարածքների քարտեզները, ապա մենք արդեն պիտի ընտրություն կատարենք, թե որն է մեզ համար ավելի կարևոր։ «Մենք արդեն պիտի ընտրություն կատարենք՝ ետ բերել գերիներին, թե տալ այդ ականապատ տարածքների քարտեզները՝ ո՞րն է մեզ համար ավելի կարևոր։ Եթե մարդիկ քննադատում են այդ բանաձևը, ես հիմա այդ բոլոր մարդկանց հարց եմ տալիս, ո՞րն է մեզ համար ավելի կարևոր»,-ասաց Ազիզյանը։

Մեր հարցին, թե ինչու չստիպել Ադրբեջանին հետևել նոյեմբերի 9-ի համաձայնագրով գերիների փոխանակման կետին, քաղաքագետն ասաց, որ ադրբեջանական կողմը արհեստական բարդություններ ստեղծելով փորձելու է հնարավորինս երկարաձգել գերիների հետվերադարձի հարցը։ «Ում մենք չգիտենք, թե այդ արհեստական երկարաձգումը ինչքան պիտի տևի։

Հիմա մենք պետք է մեզ համար հասկանաք, թե ո՞րն է ավելի կարևոր՝ այս պահի դրությամբ տալ քարտեզները, թե թողել, որ անորոշ ժամանակով, ոչ ոք չի կարող ասել, թե դա ինչքան կկազմի՝ մի քանի ամիս, մեկ տարի, արհեստական բարդություններ ստեղծելով իրենք երկարաձգելու էին այդ պրոցեսը»,-նշեց Ազիզյանը։

 

Քաղաքագետը նշում է, որ արդբեջանցիներն ամեն դեպքում ականազերծելու էին այդ տարածքները, պարզապես խնդիրը ժամանակի մեջ է․ «Հիմա մենք ժամանակ ենք շահում՝ շուտ վերադարձնում ենք մեր գերիներին, իրենք էլ են ժամանակ շահում, շուտ ականազերծում են այդ տարածքները»։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքների ականապատված տարածքներին, ապա այդ տարածքներում ենթակառուցվածքներ չկան, կանգնուն շենքեր չկան, որտեղ կարճ ժամանակամիջոցում կկարողանան վերաբնակեցում իրականացնել՝ դա տասնամյակների հարց է։

 

Անդրադառնալով ականապատված տարածքների քարտեզներ գերիների դիմաց գործարքին՝ քաղաքագետը ասում է, այո, սխալներ շատ կան, բայց պետք չէ գիծն անցնել․«Եթե դուք քննադատում եք՝ ասացեք, թե դուք ի՞նչ եք առաջարկում, ո՞րն է ավելի ճիշտ»։

Քաղաքականություն