
Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և այդ էջը պետք է սկսենք ազգային ու հանրային ներուժի համախմբմամբ. Փաշինյան

Վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ըստ նախնաման արդյունքների խորհրդարանական ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ես նաեւ հույս ունեմ, որ ժողովուրդը այս մանդատը տալիս է ինձ, որովհետեւ մենք պիտի մեր երկրի ու ժողովրցի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային եւ քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը եւ ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը եւ բարեկեցությանը ծառայեցնելուն: Ես նման երկխոսության կոչ եմ անում նաեւ բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ մենք այս ընթաքում բանավեճ ենք ունեցել: Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը եւ Հայաստանում հաստատելու օրենքի եւ իրավունքի դիկտատուրա»,- շարունակեց վարչապետի թեկնածուն:
Անդրադառնալով հոգեւորականների դիրքորոշումներին, Փաշինյանը նշեց, որ հոգեւոր եւ կազմակերպչական երկխոսության կոչ է անում նաեւ մեր երկրի հոգեւոր առաջնորդներին.
«Որովհետեւ հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում (ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել), որովհետեւ ձայն բազմաց, ձայն Աստծո: Եվ Աստծո ձայնին առավել եւս որեւէ հոգեւոր սպասավորը հակադրվելու իրավունք չունի, եւ մենք պիտի նորոգենք մեր երկրի հոգեւոր կյանքը նույնպես, որովհետեւ մեր երազանքները կյանքի կոչելու համար ըստ տեսության մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ չի հերիքել, եւ մենք մեր սրտում, մեր գիտակցության մեջ պիտի ստեղծենք այդ հավատը եւ երբ որ ունենանք այդ հավատը, մենք կունենանք ազատ եւ երջանիկ երկիր, ազատ եւ երջանիկ հայրենիք»:
Ըստ Փաշինյանի` հեղափոխությունից հետո արդեն 2-րդ անգամ Հայաստանում իրականացվել են այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային ու տեղական բոլոր դիտորդների խոսքով՝ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին ու եղել են լիովին օրինական:
«Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք, որ, այո՛, այս քարոզչության, ընտրությունների ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն: Ես հիմա նույնիսկ չեմ ուզում, որ քննենք, հետաքննենք, թե ով սկսեց և ինչու:
Ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին, Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է. ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը:
Առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և այդ էջը պետք է սկսենք ազգային ու հանրային ներուժի համախմբմամբ:
Ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից, բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիային, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք և պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նախկինում ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից չեն հրաժարվելու:
«Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգուկանոն և պատասխանատվության անխուսափելիություն»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը: