
Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար Արցախից եկող ավտոբուսներից մեկը վթարվե՞լ է. Аuroranews-ը մանրամասներ է հայտնում

Civic.am լրատվականը, հղում անելով Սիսիանի իր աղբյուրներին, գրում է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։
«Սիսան» ԲԿ-ից մեր հարցին ի պատասխան հաստատեցին, որ վթարվածները Արցախից են։ «Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք- Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցեցին հիվանդանոցից։
Аuroranews-ը կապ հաստատեց ոստիկանության մամուլի բաժին, որտեղից հայտնեցին, որ վթարվածը ոչ թե ավտոբուս է եղել, այլ անձնական օգտագործման մեքենա: Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան պատկանել է Արցախի քաղաքացի վարորդին, իսկ մեքենայում, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վերջինիս ընտանիքն ու մի կին: Երևան-Մեղրի ճանապարահատվածի192 կիլոմետրին վարորդը` կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: