Հայ ծանրամարտիկները կմասնակցեն օլիմպիական խաղերին

 IWF–ից պաշտոնական գրություն է ուղարկվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին այն մասին, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի (59 կգ) և Սիմոն Մարտիրոսյանի (109կգ) մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Նշենք, որ ծանրամարտում օլիմպիական խաղերի ուղեգիր կարող են ստանալ համաշխարհային դասակարգման աղյուսակի յուրաքանչյուր քաշային լավագույն 14 մարզիկները: Դրանից ելնելով՝ Հայաստանից օլիմպիական ուղեգրի հավակնում էին նաև Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ), Տաթև Հակոբյանը (89 կգ): Սակայն, քանի որ հայ ծանրորդների դրական դոպինգ թեստերը վերջին 10 տարվա ընթացքում գերազանցում էին 20-ը, Հայաստանին առավելագույնը տրամադրվել է մեկական ուղեգիր՝ տղամարդկանց և կանանց մրցաշարերում: Մարզչական շտաբը որոշում է կայացրել Տոկիո ուղարկել Սիմոն Մարտիրոսյանին և Իզաբելլա Յայլյանին: