
Բայդենը պատրաստվում է այցելել Ստամբուլ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այցելել Ստամբուլ, սակայն հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն, հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Նա ասել է, որ, հակառակ լարված օրակարգին, ցանկանում է Թուրքիա այցելել», - Բայդենի մասին ասել է Էրդողանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում հունիսի 14-ին կայացել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի հետ մեծ ակնկալիքներ էին կապված` Ջո Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո նկատելիորեն սառած հարաբերությունների ֆոնին:
Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումը անվանել է «շատ դրական», սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել հանդիպման վերաբերյալ՝ ասելով, որ թույլ կտա, որ թուրքերը պատմեն այդ մասին:
«Մենք երկար քննարկումներ ենք ունեցել, և ես շատ ուրախ եմ մեր հանդիպման կապակցությամբ: Ես կթողնեմ, որ թուրքերը պատմեն ձեզ այդ մասին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։