Քաղաքականություն

Երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ կստանան. փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց

Unknown
Երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ կստանան. փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսության ոլորտում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, և հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

 

Մոհամադ Էսլամին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա  փոխգործակցության մեծ ներուժը կարելի է իրացնել՝ ներգրավելով հայկական և իրանական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացմանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից