«Մենք պետք է ուժեղացնենք Հայաստանը, բայց դրան զուգահեռ մենք պետք է թուլացնենք Ադրբեջանին». Վարդան Ոսկանյան

Ակնհայտ է, որ իրանցիները համարում են, որ այս պատերազմում, եթե իրենք ոչ պարտված, ապա չշահած կողմ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«Այժմ իրանական քաղաքականությունը ակտիվացել է Հարավային Կովկասում, և Իրանին անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ Հայաստան։ Մեր և իրանական շահերը համընկնում են, և մենք կարող ենք այդ ուղղությամբ աշխատել։ Մեր ասելով՝ ես նկատի չունեմ Հայաստանի որևէ իշխանավորի այս պահի դրությամբ, այլ ապագայի Հայաստանում»,- նշեց նա։ 

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ մենք այժմ ունենք ամենաստվերային գործող կառավարությունը Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում։ 

«Պատմության անիվը պտտվում է ի վնաս այս իշխանության։ Նրանք հեռանալու են ուղղակի յուրաքանչյուր օր մեր գլխին բերում են նոր պատուհասներ։ Մեր հասարակությանը մատնում են նոր անհանգստությունների, մեր բնակչության համար ստեղծում են նոր անվտանգային խնդիրներ։ Այսօր Հայաստանում միապետական որոշումներ են ընդունվում՝ առանց հաշվի առնելու որևէ կարծիք»,- ընդգծեց Ոսկանյանը։ 

Ըստ նրա՝ հայկական հասարակությունը չի հանձնվել և որքան էլ, որ ադրբեջանական կողմն օգտվելով այս իրավիճակից փորձի հնարավորինս շատ զիջումներ կորզել․ «Մենք պետք է ուժեղացնենք Հայաստանը, բայց դրան զուգահեռ մենք պետք է թուլացնենք Ադրբեջանին»։