ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը՝ երկրում կատարվողի և Ադրբեջանի նպատակների մասին


Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն եւ հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետեւ մեր Սահամանդրությամբ նախատեսված որեւէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ԱԺ արտահերթ ընտրությունները։

Նա ընդգծել է՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել, բայց այդ ընթացքում որոշ քայլեր պետք է անել՝ սահմաններն ապահովելու համար։

 

«Այն ինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որեւէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե դու ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, եւ, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։

Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում»,-ասաց Քոչարյանը։

 

Նրա խոսքով, պատերազմից հետո այս ամիսների ընթացքում պետք է հնարավորություն տային մեր զինված ուժերին բավարար չափի պայմանագրային զինծառայողներ հավաքագրել եւ բոլոր տեղերում բավարար խտությամբ եւ մեր սահմանի բերանով դիրքավորվել։

«Այդ 3-4 կմ առաջ գալու համար պետք է սկսեն կրակել, պետք է պատերազմ սկսել: Այսօր երեւում է, որ խոսքը դրա մասին չէ: Երեւում է, որ ուղղակի ազատ էր, մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ Դեմարկացիան նրանց պետք է՝ միջազգայնորեն ճանաչված սահման ստեղծելու համար եւ դրանով համարելու, որ Ղարաբաղի հարցը փակված է։

 

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհ. ես չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակնհայտ է մեկ բան՝ կոպիտ ասած, «հարիֆ» են գտել եւ ճնշում են, ոնց ուզում, անում են, ասում են՝ այս հարցը պետք է լուծես, սա, սա։ Էդ հարցը լուծես, մեկ ուրիշ հարց են դնելու այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ թուղթ ստորագրող մարդիկ են: Միշտ այդպես է՝ չոքած մարդու վրա մի հատ էլ «քացով» տալիս են, ավելի համարձակ են, ավելի ազատ են, եւ վստահ են, որ որեւէ դիմադրություն չի լինելու: Դու ինչքան հետ գնաս,, ինքը առաջ է գալու: Դրա համար պետք է դիրքավորվես քո սահմանի բերանով: Եթե ինքը իր դիրքը դրել է, դու բեր 100 մետրի վրա քոնը դիր: Այլ կերպ երկիր պահելու չկա»,-հայտարարեց երկրորդ նախագահը:

Քաղաքականություն