ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցինե՞րն են թունավորել ջուրը․ «Այս պահին դրա մասին որևէ բան մեզ չի հուշում»

Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը խոսեց Սիսիանում ջրից թունավորումների միջադեպի և թունավորվածների թվում զինվորների առկայության լուրերի մասին: 

 

Ավանեսյանը հայտնեց, որ արագ առողջապահության արձագանքման խումբը մեկնել և վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից:

«Կատարվում են փորձաքննություններ, որոնք շուտով կավարտվեն և մենք համապարփակ ձևով տեղեկատվություն կներկայացնենք»,-ասաց նա: 

 

Լրագրողների հարցին, թե միջադեպը կարելի է կապել Սև լճի հանգամանքի հետ և հնարավոր է, որ ադրբեջանցիները այն թունավորած լինեն Ավանեսյանն ասաց. 

«Այդ մասին այս պահին որևէ բան մեզ չի հուշում: Խնդիրն առաջացել է անձրևաջրերի և կոյուղաջրերի խողովատարների անսարքության հետևանքով, հիմա այդ խնդիրը լուծվել է»,-նշեց նախարարը: 

 

Լրագրողների հարցին` ինչու է Առողջապահության նախարարի պաշտոնակատարը մասնակցել ԱԽ նիստին` Ավանեսյանն ասաց.

 

«Չեմ կարող ասել»: 

 

Հիշեցնենք՝ մայիսի 9-11-ն աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն էր դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Մայիսի 12-ին դիմել է ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ: