
«Հայփոստ»-ի աշխատակիցները դիմել են ԱԺ պատգամավորին. 150 աշխատակից զրկվելու է աշխատանքից

«Հայփոստ»-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են ԱԺ պատգամավորին՝ հայտնելով իրենց մտահոգությունը: Բանն այն է, որ մոտ 150 աշխատակից նոր տնօրենի կողմից ներկայացված նոր կանոնների, պահանջների արդյունքում կարող են զրկվել աշխատանքից:
Մասնավորապես նշվում է, որ տեղի է ունեցել գիտելիքի ստուգում, որը պատշաճ տեղի չի ունեցել. մարդկանց նախօրոք հարցաշար չի բաժանվել, տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում էլ չեն հանձնել քննությունն ու զրկվելու են աշխատանքից, որը կատարել են նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին:
Բացի դրանից, քննության ժամանակ տնօրենը նստած է եղել պատուհանի գոգին ու այդպես է ընդունել քննությունը, ինչն անհարգալից վերաբերմունք է:
«Հայփոստ»-ից հայտնել են, որ ամեն ինչ անում են օրենքի սահմաններում, իսկ պատգամավորը կառավարությունից խնդրում է միջոցներ ձեռնարկել, որ քննության արդյունքները չեղարկվեն, նոր քննություն կազմակերպվի, քանի որ այս փուլում 150 մարդու աշխատանքից զրկելը ոչ հումանիստական քայլ է: