Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները ցանկանում են նամակ փոխանցել Սերգեյ Լավրովին

Արցախի Հադրութի շրջանի տեղահանված բնակիչներն այս պահին ԱԳՆ շենքի մոտ են: Հադրութցիներից պարոն Լևոնը նշեց, որ լսել են՝ ՌԴ ԱԳ նախարարն այցելու է Հայաստան և հավաքվել էին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց, որպեսզի փորձեն իրենց խնդիրներին այս եղանակով կարգավորում տան: 

 

«Բացի սրանից՝ նաև նամակ պետք է հանձնենք ԱԳ նախարարին, որպեսզի մեզ ընդունի, ու հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու: Ռուսները հայտարարում են, թե Արցախը Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, թե բանակցային եղանակով հնարավոր է քննարկել հարցը: Բոլորը հետաքրքրված են Արցախի հարցով՝ բացի ՀՀ և ԱՀ ղեկավարություններից: Մեկը չկա այս ազգի մեջ՝ քաղաքական գործիչ, որ վեր կենա, ասի՝ Արցախը Ադրբեջան չէ, չի եղել և չի լինի: Մենք մեր հայրենքիք ենք ուզում վերադառնալ, ո՛չ Երևանում ենք ուզում ապրել, ո՛չ էլ Արցախի այլ շրջանում, մենք Հադրութից ենք և Հադրութում էլ ուզում ենք ապրել»:

 

Հադրութցին նշեց, որ եթե իրենք գնան ու այլ շրջանում ապրեն, ապա Հադրութը մոռացության կմատնվի:

Քաղաքացին անհասկանալի համարեց այն, որ Արցախի անլուծելի խնդիրների առկայությամբ այստեղ ընտրություններ են անում, ինչը ըստ նրա, նշանակում է, որ երեք ամիս շարունակ Արցախի մասին որևէ մեկը չի մտածելու ու լուծում չի տրվելու խնդիրներին:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հադրութի հետ, դեռ չի ավարտվել, իրենց այս վարքագծով, այսպիսի մոտեցումներով ոչ մի լավ բան չի լինելու: Հադրութը պետք է վերադարձվի, որովհետև եթե այն չվերադարձվի, ապա ո՛չ Մարտունիում, ո՛չ Ստեփանակերտում մարդ չի մնալու»,-ասաց նա:

 

Քիչ առաջ նրանք իրենց նամակը հանձնցին ԱԳՆ աշխատակիցներին: Նամակում նրանք ներկայացրել են իրենց պահանջները:
 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան: 


  •  

Քաղաքականություն