
1 օրում՝ 3780 դեպք. Հնդկաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել

Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացության օրական ցուցանիշի նոր հակառեկորդ: Ընդհանուր առմամբ, մահացել է 3780 վարակակիր:
Այս մասին գրում է Times of India-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Նշվում է՝ երկրում COVID-19-ով պայմանավորված մահացությունների ընդհանուր թիվը 226 188 է: Բացի այդ, Հնդկաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը սկսել է աճել եռօրյա անկումից հետո:
Անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 382,3 հազար դեպք, որը 25 հազարով ավելին է, քան նախորդ օրը: Երկրորդ շաբաթն անընդմեջ դեպքերի թիվը գերազանցում է օրական 300 հազարի շեմը, որն անհամեմատ ավելի շատ է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում:
Նշենք՝ Հնդկաստանն ավելի վաղ հայտարարել էր ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստումների մեկնարկի մասին: Երկիրն արդեն իսկ ստացել է պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: Տեղական հիվանդանոցներն արդեն ստացել են դրա երկրորդ խմբաքանակը: