«Սպուտնիկ V» հասել է Արցախ

Այսօր Արցախ է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը; Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել պատվաստանյութի 15,000 չափաբաժին։ 

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ»,- նշված է նախագահի գրառման մեջ։ 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար։ 
 

Քաղաքականություն