Սյունիքում տեսա-լուսանկարահանելն արգելելով՝ ԱԱԾ-ն փորձում է կոծկել իր անգործությունն ու խայտառակությունը. Վահե Հակոբյան
ԱԱԾ-ն ուզում է իր անգործությունը քողարկել, ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով Սյունիքում սահմանային հատվածը տեսա-լուսանկարահանելու արգելքին:
«ԱԱԾ-ն նախաձեռնել է դա, քանի որ իր անգործությունն ու խայտառակությունը փորձում է կոծկել, այլ բացատրություն չկա», - նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի սովորել այն դասը, որ մենք արտահանում ենք պղնձի հանքանյութ: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին առ այն, որ եթե մեզ հաջողվի բացել Ադրբեջանից Թուրքիա անցնող երկաթուղային ուղիները, ապա կկարողանանք պղինձ արտահանել ոչ թե հանքաքարի տեսքով, այլ պղնձաձուլարաններ կկառուցվեն ու վերամշակված տարբերակով կուղարկվեն արտահանման:
«Պետք է հասկանալ, թե այդ ճանապարհները որտեղից ուր են գնալու, Թուրքիայից ո՞ւր են գնալու, այդ բոլորը հարցեր են, որոնց պատասխանները մինչև օրս ոչ ոք չի տվել, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Վահե Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որևէ աջակցություն չի կարող լինել հանքարդյունաբերման ոլորտում, պղնձաձուլարան կառուցելուն: «Այսօր նա շարունակում է զբաղվել պոպուլիզմով: Կարելի է անընդհատ խոսել տնտեսական թռիչքային աճերի մասին, սակայն իրականությունն ունի սահմաններ, իսկ երևակայությունը՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը մեզ մտցրել է երևակայության մեջ, մարդիկ կան հավատացել են, մարդիկ կան՝ ոչ: Բայց եկեք իրականություն, դա դաժան է, բայց հակառակ դեպքում մենք կորցնելու ենք մեր պետությունը»:
Դիտարկմանը, թե կան սյունեցիներ, որոնք պաշտպանում են Փաշինյանին, և հարցին՝ ինչ պետք է սպասել այս պարագայում ընտրություններից, վերջինս պատասխանեց՝ քանի որ իրավիճակը փոփոխվում է, պետք չէ բացառել, որ ընտրությունները չեղարկվեն, հնարավոր է՝ ընտրություններ լինեն առանց Նիկոլ Փաշինյանի: