Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան. «Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք»

Lilit T.
Նիկոլ Փաշինյան. «Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք»

Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Նիկոլ Փաշինյանն ասել է Ուջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: 

«Շատ ծանր օրեր ենք ապրել և ապրում ենք: Տեղի ունեցածից պետք է կարողանանք հետևություններ անել: Ես Ներքին Բազմաբերդում և Նոր Եդեսիայում ելույթներ եմ ունեցել, այստեղ նույնը չեմ կրկնի: Բայց ամենակարևոր արձանագրումը որ ուզում եմ անել սա է. ինչու՞ ընկան մեր նահատակները և հանուն ինչի՞: Արձանագրումը հետևյալն է. Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: 

Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել: Մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունն օգտագործեցին, վազեցին հին տերերի մոտ, նրանց կամքը կատարելու: Եվ դրա համար պետք է պատժվեն: Բայց այսօր մեր ձեռքերը թուլացած են, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք, պարտությունն իմն է: Ես մինչև վերջին վայրկյանը կկանգնեմ հանուն ձեր հաղթանակի: Պարտությունն ինձ, հաղթանակը՝ ձեզ»,-ասաց Փաշինյանը: 

Այսօրվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ հայկական կողմն առանց այդ էլ շատ զոհեր է ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել: 

«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»,- հավելեց նա: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250