ԼՀԿ-ն արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանության հետ հուշագիր չի կնքի. Առավոտ
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ԼՀԿ-ի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումը իշխանությունը մերժել է։
«Մեր մեկնված ձեռքը թողնվել է անպատասխան, այս պահին այլեւս մեր առաջարկությունը իր ուժը կորցնում է, ժամանակավրեպ է»,-ասաց պարոն Մարուքյանը։
Նա ներկայացնելով իրավիճակը, հիշեցրեց՝ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ, վիճարկում է այն օրենքների դրույթները, որոնք վերաբերում են ԳՇ պետի նշանակմանն ու ազատմանը, հակասահմանադրական հարց է տեսել եւ հիմա գնդակը ՍԴ դաշտում է․
«Որովհետեւ ՍԴ-ն գործը վարույթ ընդունելիս՝ կարող է կասեցնել հրամանագիրը կամ վարչապետի հայտարարության իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը չի որոշվել։ Հետեւաբար, ՍԴ-ն կարող է հիմա որոշի, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել։ Կորոշի, թե՝ ոչ, պետք է սպասել»։
Պարոն Մարուքյանը հիշեցրեց՝ Օնիկ Գասպարյանը hայտարարել է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով․
«Ինչը մեր առաջարկն է եղել։ Մենք սա ենք անդադար պնդել, որ խորհրդարանը պետք է ցրվի, իսկ դա կարող է լինել վարչապետի հրաժարականի դեպքում։ Մեր առաջարկը մերժվել է։ Իսկ արտահերթ ընտրությունների օրակարգը շարունակելու թևածել Հայաստանի հանրապետությունում եւ լինելու է թիվ մեկ օրակարգը, որովհետեւ ԶՈւ-ն ամբողջությամբ միացել են այդ օրակարգին, հայտարարությանը միացել է սպայական կազմը։ Հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, ի՞նչ են ասելու»։