Հորդորում ենք անհապաղ հստակեցնել Boeing 737-ի ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը։

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ 

ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում», - Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Հիշեցնենք, որ ինքնաթիռի անհետացման վերաբերյալ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել.

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: 

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: 

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն», - նշված էր քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։