Մարդիկ արոտում ու դաշտում են լինում, երբ ադրբեջանցիները պոստից պոստ են կրակում. Սրաշենի գյուղապետ

Կապան խոշորացված համայնքի Սրաշեն գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները երեք, հինգ օրը մեկ՝ կրակոցներ են արձակում՝ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից:

«Մեկ մի կողմից, մեկ մյուս կողմից են կրակում, սակայն իրավիճակը վերահսկելի է։ Մարդիկ իջնում են դաշտեր՝ աշխատում։ Միջադեպ դեռ տեղի չի ունեցել»,- այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Սրաշեն գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ գյուղը լքել չեն պատրաստվում։

«Եթե հերթը հասնի հեռահար, նշանառու կրակոցներին, պետք է երեխաներին դուրս բերենք գյուղից, բայց հիմա մտածում ենք մնալ ու ապրել մեր գյուղում։ Չենք պատրաստվում փախչել»։

Անահիտ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կրակոցները հնչում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Կրակոցներ են արձակվել նաև այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված եղել։

«Արոտում են լինում, դաշտում, երբ կրակոցներ են հնչում, բայց հենց դաշտերի ուղղությամբ չեն կրակել։ Ուղղակի պոստից պոստ են կրակում՝ ոչ նպատակային։ Գիշերը այդքան շատ չեն կրակում, բայց ցերեկվա ժամերին լինում են կրակոցներ՝ ոչ շատ»։

Սրաշենին կից ադրբեջանական գյուղում էլ զինվորականներն են տեղակայվել՝ վրաններ են դնում, շտաբեր կառուցում, թեթև շինություններ են սկսել։ 26 տարվա երբեմնի ավերակ ադրբեջանական գյուղը՝ ըստ Բաղդասարյանի, հիմա բնակիչ չունի, միայն զինվորականներ են հայտնվում, նոր դիրքերում տեղակայվում։ Ադրբեջանական գյուղի ու հայկական Սրաշենի միջև հեռավորությունը 1, 4 կմ է.

«Մեր վարած, ցանած դաշտերը, բոլորը անմիջապես՝ բառի բուն իմաստով կպած է իրենց գյուղին՝ 20-50 մետր։ Այդ դաշտերում պետք է մենք աշխատենք»։

Աշնանացան ենք արել՝ ցորեն, գարի ենք մշակել, հիմա էլ պատրաստվում ենք գարնանացանի՝ հաճար են վարելու ու խոտ են ցանելու։ Բոլորը սեփականաշնորհված, համայնքին պատկանող մշակովի հողեր են։ ՄԻՊ-ին էլ, համայնքապետին էլ գյուղապետը մտավախությունն է հայտնել դրանք մշակելու ու օգտագործելու համար։

«Թուրքը մնում է թուրք, բայց ժամանակը կգա, կտեսնենք։ Արտերը դեռ պետք է հասունանան, ու կանխատեսումներ անել չենք կարող։ Սրաշենի մոտավորապես 180 հա հողից արոտով ու հողերով 80 հա սահմանակից է անմիջապես Ադրբեջանական կողմին՝ սահմանի երկարությամբ։ Մյուս տարածքները ևս ադրբեջանական կողմին մոտ են։ 80 վարելահող, 40 արոտ կպած են ադրբեջանական կողմին»,- ասաց Բաղդասարյանը։

Ներկա պահին գյուղում 23 տնտեսություն է գործում, գարնանը 40 կդառնա։ Գյուղում էլ մոտավորապես 60 բնակիչ կա՝ 9 աշակերտ էլ դպրոց է հաճախում։ Գյուղը գազաֆիկացված չէ, ջուրն էլ սակավ է: Կենդանիներին արոտ տանելու խնդիրն էլ լուծելու միակ ելքը փշալարն է։ Հիմա բնակիչներն ու ղեկավարը սոցալկան աջակցությանն են սպասում՝ հուսով, որ կառավարությունն իրենց բեռը կթեթևացնի։

Քաղաքականություն