Ընտանեկան բռնության հետևանքով մահացած մանկահասակ երեխայի տատը հայտարարում է, թե 1,5 տարեկան երեխային հարվածելը հանգստացնելու համար է

Արարատի մարզում ընտանեկան բռնության հետևանքով մահացած 1.5 տարեկան երեխայի խորթ տատը՝ Նունե Վարդանյանը պնդում է, որ երեխային հարվածել է ոչ թե ֆիզիկական ցավ կամ տառապանք պատճառելու, այլ՝ հանգստացնելու համար, ինչպես ցանկացած ծնող՝ «երեխայի հետևին է խփում» հանգստացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Վիրաբ Դավթյանը։

Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա։ Նախնական վարկածով՝ փոքրիկի մահվան պատճառը դարձել է գանգուղեղային փակ տրավման, իսկ մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են մի շարք այլ մարմնական վնասվածքներ։ Ավելին՝ պարզվում է, որ փետրվարի 6-ին՝ մահվանը նախորդող օրվա ընթացքում, երեխայի խորթ հայրը երեխայի լացը «լռեցնելու» համար բռունցքով երեխայի գլխին ուժեղ հարվածելուց հետո, երբ երեխան թուլացած ընկել է բազմոցին, ծածկոցը գցել է երեխայի վրա և բռունցքով երեք-չորս անգամ հարվածներ հասցրել երեխայի գլխի և մեջքի հատվածում, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին։ Փոքրիկի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեխայի խորթ հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու և 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար, իսկ երեխայի մորը և խորթ տատիկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Փոքրիկի մայրը և խորթ հայրը կալանավորվել են, իսկ խորթ տատի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Երեխայի խորթ տատի՝ Նունե Վարդանյանի պաշտպան Վիրաբ Դավթյանը լրատվամիջոցի  հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրվել է մեղադրանք խոշտանգման հատկանիշներով և ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ տեղեկություններ կան, որ երեխային հարվածել է, մինչդեռ՝ հարց է ծագում, թե արդյոք երեխային հարվածելը կարող է դիտարկվել որպես խոշտանգում։
Վարդանյանի մեկնաբանության համաձայն՝ յուրաքանչյուր տատիկ երեխայի հետևին խփում է՝ երեխային հանգստացնելու նպատակով։
«Հարվածը ոչ թե ֆիզիկական ցավ կամ տառապանք պատճառելու դիտավորությամբ կամ ցանկությամբ է, այլ՝ երեխային հանգստացնելու համար»,- նշեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ արտաքին զննությամբ երեխայի մարմնին հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ, իսկ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի վնասվածքից, ինչը չի վկայում «հանգստացնելու նպատակով հետևին խփելու» մասին՝ փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ այդ գործով երեք մեղադրյալ կա և հարց է ծագում, թե ով է արել և նույնիսկ նախաքննական մարմինը հստակ տեղեկություն չունի, թե այդ կապտուկներն ում գործողությունների հետևանք է։

«Այն, որ երեխային վնաս է պատճառվել, ցավ է պատճառվել, այն, որ երեխայի մահը բռնության հետևանք է պարզ է, բայց թե կոնկրետ ում գործողություններից է դա եղել, դեռևս պարզ չէ, նախաքննության մարմինն էլ տեղեկություն չունի հստակ։ Խոշտանգման քրեաիրավական հատկանիշներն այնպես են, որ ինքը միայն դիտավորությամբ է դրսևորվում և անձը պետք է բռնությունը գործադրի՝ տուժողի նկատմամբ ցավ պատճառելու դիտավորությամբ։ Այսինքն՝ եթե վարույթ իրականացնող մարմինը չի կարողանում ձեռք բերված նյութերով հիմնավորել, որ Նունե Վարդանյանը գործել է այդ դիտավորությամբ, առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը Նունե Վարդանյանի մասով ճիշտ չի որակել արարքը։
Ինչ վերաբերում է քննչական գործողություններին, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ իր մասնակցությամբ միայն մեկ հարցաքննություն է եղել, առերես հարցաքննություն դեռևս չի եղել, բայց բնականաբար կլինի։ Պաշտպանը չմանրամասնեց՝ արդյոք Նունե Վարդանյանի դեմ կա ցուցմունք, թե ոչ։

Անդրադառնալով իր պաշտպանյալի կողմից «Դիմեդրոլ» խմեցնելու հանգամանքին՝ փաստաբանը նշեց, որ Նունե Վարդանյանը բժիշկ չէ և մտածել են, որ այդ դեղահաբը ցավազրկող է, որից հնարավոր է, որ երեխայի ցավերը մեղմվեն։

«Ես բան չունեմ ասելու՝ եթե անձը չուներ համապատասխան բժշկական գիտելիքներ, իրավունք չուներ երեխային նման դեղահաբ տալու, բայց արդյոք դա կարող է դիտվել որպես խոշտանգում։ Բնականաբար՝ ոչ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում և իրենց մտածելակերպը, հոգեվիճակն այլ է։ Փաստաբանը պարզաբանեց, որ չի արդարացնում, բայց պետք է ռեալ նայել իրավիճակին՝ ճիշտ գնահատելու համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում