Լավագույն տարբերակը կլիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը. Զախարովա

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, ինչպես նաև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գերիների վերադարձման խնդրի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

«Ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում այս հարցին նաև իր խաղաղապահ առաքելության միջոցով: Ինչպես ընդգծել են ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը, այս խնդրի շուտափույթ լուծման օպտիմալ տարբերակը կլիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը»,- նշեց նա: 

Անդրադառնալով ԼՂ-ում հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքի հետ կապված հարցերին, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, թե կենտրոնը պետք է դառնա միջազգային. Զախարովան նկատեց՝ այն ամենը, ինչ կապված է ԼՂ բնակիչներին հումանիտար աջակցության ցուցաբերման հետ, ՌԴ ԱԻՆ տիրույթում է:  

«Ռուս մասնագետները տարածաշրջանում հումանիտար առաքելության շրջանակներում աշխատում են նոյեմբերից՝ բուժգնություն, ականազերծում և այլն: ՌԴ ԱԻՆ-ը, այլ կառույցների հետ միասին, սերտ կապերի մեջ է հայկական և ռուսական կողմերի հետ, այդ թվում՝ հումանիտար արձագանքման կենտրոնի հետ կապված հարցերով»,- նշեց նա:

 

Ինչպես նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել Լեռնային Ղարաբաղ: 

«Լեռնային Ղարաբաղ համանախագահների այց նշանակված է, կա համանախագահների ծրագրերում, սակայն այցի ամսաթվերը դեռ որոշված չեն, իսկ մանրամասներն այժմ համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասաց նա: