Նավալնիի կողմնակիցները մտադիր են հունվարի 31-ին ցույցեր անցկացել Ռուսաստանի 53 քաղաքներում

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հունվարի 31-ին մտադիր են ցույցեր անցկացնել Ռուսաստանի 53 քաղաքներում, հայտնում է meduza.io կայքը՝  հղում տալով «Команда Навального» տելեգրամյան ալիքին: 
Մոսկվայում կայանալիք ցույցը նախատեսվում է կազմակերպել Լուբյանսկայա հրապարակում ՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանի մոտ: 
Կայքը նշում է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի տասնյակ շրջաններում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝  ի պաշտպանություն Նավալնիի: Քաղաքների մեծ մասում դրանք ավարտվել են մասնակիցների ձերբակալություններով:  
Նավալնին գտնվում է «Մատրոսկայա Տիշինա» նախնական կալանքի կենտրոնում: Դատարանը նրան կալանավորել է 30 օրով՝  Դաշնային քրեակատարողական ծառայության պահանջով, համաձայն որի ընդդիմադիր գործիչը խախտել է պայմանականորեն դատապարտված անձի համար նախատեսված վարքի կանոնները: Հունվարի 28-ին նախատեսվում է քննարկել բողոքարկման դիմումը:

Քաղաքականություն

Պատահարներ