
Պաշտպանները միջնորդեցին՝ գրավի դիմաց ազատ արձակել «Ալրաղացի Լյովիկին»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» պաշտպանները միջնորդեցին՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Պաշտպանական կողմը գրավի չափ չեն սահմանել՝ թողնելով այն դատարանի հայեցողությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Ալրաղացի Լյովիկի» գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Սարգսյանը դատական նիստին չի ներկայացել, սակայն դիմումով խնդրել է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Մեղադրող դատախազն առարկել է՝ միջնորդելով Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Լևոն Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։
Նշենք, որ քրեական գործով մեղադրյալները երկուսն են՝ Լևոն Սարգսյանը և Սուրեն Ղազարյանը։ Կալանավորված է միայն Լևոն Սարգսյանը, Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։