
Կարծում եմ այսօր միջազգային կառույցներում աշխատող ամենաարդյունավետ պատգամավորն եմ. Զոհրաբյան. «Փաստինֆո»

Իշխանությունը խնդիր է դրել ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունը համալրել այն պատգամավորներով, որոնք Ադրբեջանի հետ կերկխոսեն, եւ բնական է, ամեն ինչ պետք է անեն, որ Նաիրա Զոհրաբյանը այդ պատվիրակությունում չլինի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նշենք ,որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը պատրաստվում է Զոհրաբյանին դուրս թողնել ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից։
«Իրենց օրակարգը ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ես Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտայի ոչ թե թիրախավորել անձանց, ոչ թե նպատակ դնել ընդդիմադիր գործիչներին հետապնդել մինչև վերջ, այլ՝ մինչև վերջ հետապնդել ռազմագերիների հարցը: Այն էնտուզիազմը, որն ինքը ծախսում է ընդդիմադիր տարբեր գործիչների հետապնդելու, հակասահմանադրական օրենսդրությամբ տարբեր լծակներից զրկելու համար , եթե այդ էնտուզիազմը նա օգտագործեր Ալիևի հետ բանակցություններում, ռազմագերիների հարցը լուծելիս, մենք այսօր շատ առաջընթաց կունենայինք այդ հարցով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատում է, որ սկսվել է հայ-ադրբեջանական երկխոսության զարմանալի փուլ, ինչի մասին ԵԽԽՎ ամբիոնից խոսել է նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավարը՝ասելով որ մենք հետ նվաճեցինք մեր հողերը, արդարությունը վերականգնվեց և հիմա սկսվել է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և երկխոսության փուլը.
«Ես, որպես պատգամավոր, շարունակում եմ մնալ իրենց կոկորդին, որովհետև ասել եմ և շարունակում եմ կրկնել, Ադրբեջանը ռազմական հանցագործ է և իմ տեսակը պնդելու եմ միջազգային բոլոր կառույցներում: Եթե իրենք խնդիր են դրել պատվիրակությունը համալրել պատգամավորներով, ովքեր կգան և Ադրբեջանի հետ կերկխոսեն, բնական է, ամեն ինչ պետք է անեն, որ Նաիրա Զոհրաբյանը այդ պատվիրակությունում չլինի: Բայց քանի որ այս իշխանությունը գնալու է և ես վստահ եմ ունենալու ենք ժողովրդի շահը սպասարկող իշխանություն, ինչ ուզում են, թող անեն, իրենց քայլերը ինձ չեն հետաքրքրում, գալու է օրը եւ նաև իմ հանդեպ արված իրենց հակասահմանադրական քայլերի համար թե՛ կազմակերպիչը, թե՛ կատարողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության դրանում չկասկածեք»,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը վստահեցնում է՝ հասնելու է մինչև Եվրոպական դատարան ՝ «Իմ քայլի» կատարած հակասահամանադրական քվեարկությունները վիճարկելու և բոլոր կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար.
«Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, կարծում եմ այսօր միջազգային կառույցներում աշխատող ամենաարդյունավետ պատգամավորն եմ և, բնականաբար, այս իշխանության հարմար ձեռնտու չի պատգամավոր, որը անհարմարություն է ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի համար: Երբ երկու ամիս առաջ Լարիսա Ալավերդյանն այս մասին խոսեց և ասաց, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Նաիրա Զոհրաբյանին հետ կանչի ԵԽԽՎ պատվիրակության կազմից, ես մտածեցի թե Հայաստանի առաջին օմբուդսմենը մի քիչ խտացնում է է գույները, բայց հիմա տեսնում եմ, որ նա միանգամայն ճիշտ էր»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ վերջին նիստին, ի տարբերություն Իմ քայլի և ԼՀԿ-ի, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը մասնակցում էին առցանց: Մամուլում շրջանառվում է նաև, որ «բոյկոտն» քաղաքական իմաստ ուներ, Գագիկ Ծառուկյանն է որոշել, որ ԵԽԽՎ նիստին առցանց են մասնակցելու: Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք են մասնակցության այդ տարբերակն ընտրել.
«Նիստը հիբրիդային էր, կարող էր լինել և՛ տեղում, և՛ առցանց մասնակցություն, մենք նախընտրեցինք առցանց տարբերակը, որը բնավ չի նվազեցնում մեր մասնակցության արդյունավետությունը: Պարոն Ծառուկյանին մենք ենք առաջարկել որ ճիշտն առցանց մասնակցությունն է և ինքն էլ համաձայնվել է»,-ասաց Զոհրաբյանը: