Ինչո՞ւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. փաստաբան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.

«ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մատին,որ Սյունիքի նախկին մարզպետ Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Եթե քրեական գործը հարուցվել է հենց Վահե Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ (իսկ քննչական կոմիտեի հայտարարությունից այդպես է երևում) այլ ոչ թե այլ անձանց կողմից,ապա հարկ է արձանագրել որ ՔԿ-ի հայտարաության մեջ առկա հետևյալ ձևակերպումը՝ «Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ» արդեն իսկ խախտում է պարոն Հակոբյանի անմեղության կանխավարկածը։

Բացի դրանից, ըստ այդ հայտարարության՝ 2019թ. ստուգումներ են կատարվել, ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ էլ նշված փաստով քրեական գործը հարուցվել է:

Հետևաբար՝ տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածում ինչի՞ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել, իսկ դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքական հայտարարություններ է կատարում: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»։

Քաղաքականություն