ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

ՌԴ արտգործնախարարությունը բողոք է հայտնել ԱՄՆ դեսպանին դեսպանատան սոցկայքերում հունվարի 23-ի ակցիաների մասին տեղեկությունների պատճառով: Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ` ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հունվարի 23-ին Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել «Ազատություն Նավալնիին» կարգախոսով: ԱՄՆ դեսպանատունն իր կայքում և սոցիալական ցանցերում հրապարակել է բողոքի ակցիաների երթուղիները: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ դեսպանատան հրապարակումները, դրանք անվանել է «ուղղորդում և հրահանգում», ինչպես նաև միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին:

Լրատամիջոցը նաև հաղորդում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տարածաշրջանային շտաբերի ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը հայտարարել է հունվարի 31-ին նախատեսված նոր ակցիաների մասին` ի աջակցություն քաղաքական գործչի:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոպական Միությունը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը` Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների ցույցերի ժամանակ տեղի ունեցած ձերբակալությունների պատճառով: Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստից առաջ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պահանջել է անհապաղ ազատ արձակել շաբաթ օրը ցույցերի ժամանակ ձերբակալված խաղաղ ցուցարարներին:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաներն անվանել է անօրինական և վտանգավոր:

Քաղաքականություն

Պատահարներ