34 հազար քաղաքացի Արցախում մնացել է առանց տան. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամ է առաջացել:

«Պատերազմից հետո մեզ մոտ հումանիտար ճգնաժամ է, և սոցիալական հարցերը շատ սուր են դարձել։ Մենք լուծում ենք խնդիրները՝ թե մեր ուժերով, թե բարեգործական կազմակերպությունների, թե Հայաստանի Հանրապետության և ռուս խաղաղապահների օգնությամբ», - ասել է Թանդիլյանը։

Նախարարի խոսքով` հատկապես սուր է դրված տուն կորցրածների համար բնակարան հայթայթելու հարցը, սակայն արդեն սկսել է գործել նրանց վերաբնակեցման ծրագիրը:

«Այս պահին առանց բնակարանի է մնացել Արցախի Հանրապետության մոտ 34 հազար քաղաքացի` տարածաշրջանում հակամարտության սրման և տարածքների` Բաքվի վերահսկողությանն անցնելու պատճառով», - ասել է Թանդիլյանը ՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Թանդիլյանը նաև հիշեցրել է, որ հունվարի 13–ին Պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել հակառակորդի գնդակից և նշել Արցախում առկա անվտանգության խնդիրների մասին։