
Վերին Լարսի անցակետը փակ է և ըստ կանխատեսումների՝ փակ կմնա մոտ մեկ շաբաթ

Վերին Լարսի անցակետը փակ է և ըստ կանխատեսումների՝ փակ կմնա մոտ մեկ շաբաթ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
«Երեկ չէ առաջին օրը երեկոյան փակեցին անցակետը։ Վերևում ձյուն է գալիս և ուժեղ քամի է։ Եվ կախատեսվում է, որ առնվազն մեկ շաբաթ ձյուն է գալիս, անցակետը կարող է փակ մնալ։ Մեզ ոչ ոք չի ասում՝ ինչքան փակ կմնա, ինքներս ենք ենթադրում՝ նայելով կանխատեսումները։ Քանի դեռ ձյուն է գալիս, այստեղ որևէ մեկը ճանապարհը չի մաքրում։ Եթե նույնիսկ մի թեթև մաքրում են, դա անում են, որ տեղի բնակչությունը կարողանա այդ ճանապարհներով շարժվել, բեռնատարներին հաստատ չեն թողնի շարժվել»,- ասաց նա։
Թանանյանի տեղեկացմամբ՝ անցակետի ռուսական կողմում կուտակված է մոտ 100 բեռնատար, նույնքան էլ վրացական կողմում։ Խոսքը բոլոր երկրների բեռնատարների մասին է։ «Այսինքն՝ վիճակն այնքան վատ չէ, ռուսական կողմից մոտ 1,5 կմ հերթ է ընդամենը։ Այս երեք օրերի ընթացքում մեքենաների մեծ թվաքանակ չի ավելացել, հավանաբար մարդիկ կանխատեսումներին հետևում են, իրենց էլ հարմար չէ, որ գնան ու մնան ճանապարհներին, ի վերջո տուգանքներ են վճարում դրա համար»,- հավելեց Թանանյանը։
Նրա խոսով՝ հերթերն ավելի քիչ են, քանի որ նախ հունվարին բեռնափոխադրումների ծավալը նվազ է լինում մյուս ամիսների համեմատ։ «Բացի դա, ասում են, որ այս տարի առավել ևս թույլ է փոխադրումների ծավալը։ Այսքան թույլ երբեք չի եղել, այսինքն՝ կորոնավիրուսն ու տնտեսական իրավիճակը բոլոր դեպքերում հետևանքներ ունեն։ Տնտեսվարողները ինձ զանգեցին, հարցրեցին, ասացի իրենց՝ վիճակը սա է։ Որևէ մեկը չի ուզում գալ մնալ այս սարերում, տուգանքներ վճարել»,- նշեց նա։