Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին

Գերիների հարցը Հայաստանի համար առաջնահերթ է, գերատեսչություններն աշխատանք են տանում նրանց վերադարձի ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Պատասխանելով հարցին` ինչու Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ չլուծվեց գերիների հարցը, Մակունցը խորհուրդ տվեց գերիների հարցը չշահարկել։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ ասել է, որ Ադրբեջանում հայ գերիների հաստատված թիվը 120 է։ Հայտնի է, որ Ադրբեջանում գերու կարգավիճակով հայտնված 62 զինծառայողի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հոդվածով։

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:

2014-ի հուլիսին քաղաքացիական հագուստով, զինված երեք ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը` Գուլիևն ու Ասկերովը, ձերբակալվել էին, իսկ մեկը` սպանվել։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին։

Ադրբեջանցիները սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։